Կրթություն-բիզնես համագործակցության ձեռքբերումներն ու մարտահրավերները

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը Գերմանական տնտեսական միավորման հետ
համատեղ ս․թ․ հունիսի 2-ին կազմակերպել էին կլաստերային հանդիպում միտված «Համալսարան-բիզնես
համագործակցություն․ նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» խորագրով քննարկմանը։
Հանդիպման նպատակն է միևնույն հարթակում համախմբել և ներկայացնել Էրազմուս+ այն ծրագրերը,
որոնք ներառում են վերոնշյալ բաղադրիչը՝ հնարավորությունները, ձեռքբերումները, խոչընդոտներն ու
վերջնարդյունքները համեմատելու, փորձը փոխանակելու և կրթության վրա դրանց ազդեցությունը
պարզաբանելու նպատակով։
Հանդիպման մասնակիցներին ողջունել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար
Ստանիսլավ Տոշկովը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս
Վենդելբերգը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը,
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
ՀԱԱՀ-ից Էրազմուս+ կարողությունների զարգացման ABioNet ծրագիրը ներկայացրեց Կենսաբանության
և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ծրագրի համալսարանական համակարգող Գայանե
Մարմարյանը, ով կոնսորցիումի անունից անդրադարձավ ծրագրի մոդելին՝ կրթություն-արտադրություն-
նորարարություն տեսանկյունից, ուսանողների ստարթափներին, համագործակցության կայունության
ապահովմանը, ծրագրի ձեռքբերումներին և մարտահրավերներին։
Միջոցառումը ներառում էր նաև պանելային քննարկում, որը միտված էր համալսարան-բիզնես
համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները վերհանելուն։ ՀՀ Բարձրագույն կրթական
համակարգը ներկայացնում էր ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Պանելիստների շրջանում էին նաև
գիտության և բիզնեսի ներկայացուցիչներ։ Ռեկտորը արժևորեց ակադեմիական մակարդակում արտադրության և
ձեռներեցների մասնակցությունը՝ աշխատաշուկայի պահանջներին համահունչ ուսումնական պլանների
ձևավորման, ուսանողների կարողությունների զարգացման և շահառուների համար աշխատատեղերի ձևավորման
տեսանկյունից՝ կիսվելով ՀԱԱՀ-ում ներդրված փորձով։

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ բարձրագույն կրթություն և բիզնես համագործակցությունը
դեռևս խնդրահարույց է ոչ միայն Հայաստանում և նմանատիպ հանդիպումները կարևոր հարթակ են
մարտահրավերների վերհանման, խնդիրների լուծման և միջոլորտային համագործակցության ընդլայնման
տեսանկյունից։